Հայաստանը, շունչը պահած, Ծառուկյանին է սպասում. ում կընտրի նա` զարթոնքը, թե՞ հին ընկերոջը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր պետք է հանդես գա հայտարարությամբ: Հաշվի առնելով երկրում առկա քաղաքական լարված իրավիճակը, այդ հայտարարությունը, կարելի է ասել, որոշիչ կարող է դառնալ, քանզի «Ծառուկյան» խմբակցության ձայները այն վերմակն է, որը հակամարտող կողմերից յուրաքանչյուրն այսօր փորձում է քաշել դեպի իրեն:
Հայտնի է, որ «Ելք» խմբակցությունը առաջադրելու և պաշտպանելու է թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Դա 9 ձայն է: «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 ձայն: Նիկոլ Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն:
Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Վանաձոր, որտեղ ժամը 17.00-ին նախատեսված է հանրահավաք: Ըստ VERELQ-ի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանի կանխորոշիչ հայտարարությունը հրապարակվելու է դեռ երկու ժամից ոչ շուտ: Ենթադրելի է, որ եթե մինչև վանաձորյան հանրահավաքի ավարտը Ծառուկյանի հայտարարությունը չհրապարակվի, ապա դա նշանակում է, որ վերջինս որոշել է առաջադրվել վարչապետի թեկնածու ու գուցե նաև կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ: Ամեն դեպքում, եթե համաձայնություն կա «երկիրը փրկել ճգնաժամից» Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ապա Հայաստանի երրորդ քաղաքում հանրահավաքում այդ մասին հնչեցնելը լավագույն առիթն է, որը պետք է օգտագործվի:
Այն, որ Ծառուկյանը հավակնում է վարչապետի պաշտոնին, վկայում են նաև անուղղակի իրադարձությունները: Օրինակ, ՀՀ-ում գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկը, որոնք երեկ ամբողջ օրվա ընթացքում հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների հետ, այդ մասին ակնկարկել է` նշելով, որ հավանական է համարում, որ բացի Փաշինյանից ու Կարեն Կարապետյանից առաջադրվի նաև Գագիկ Ծառուկյանը:
Իրականում որևէ զարմանալի բան չկա, որ ԱԺ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը որոշի հանդես գալ սեփական թեկնածուով: Պարզապես այստեղ կարևոր է, թե Ծառուկյանը ինչ թիմ կընտրի իր կողմից պատկերացվող իշխանության համար: Կլինի դա Հանրապետականը, որի հետ տարիներ առաջ կոալիցիայի մաս է կազմել, թե այս անգամ խաղադրույքը ընդդիմության վրա կլինի, որը կարողացավ նման համաժողովրդական ալիք բարձրացնել. սա է հարցը, որի պատասխանը շատերը գուցե ունեն, բայց կսպասեն հանգուցալուծմանը, որին մնաց երկու-երեք ժամ: