25.11.2024
Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն և հավանաբար նորից կգլխավորի կուսակցությունը
prev Նախորդ նորություն

Պեսկովը չի հաստատել Արմեն Գեւորգյանի եւ Կրեմլի ղեկավարության բանակցությունների լուրը

Մոսկվան հաստատել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի ու առաջին փոխվարչապետի պաշտոնակատարները գտնվում են Ռուսաստանում: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայում ՀՀ-ի ներկայացուցիչները շփումներ կունենան կառավարության եւ ԱԳՆ-ի գծով:


«Ինտերֆաքսը»-ի հաղորդմամբ, Պեսկովը նշել է, որ չի տիրապետում տեղեկատվության առ այն, որ տեղի է ունեցել հանդիպում Արմեն Գեւորգյանի ու Կրեմլի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ, որի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: «Ինձ նման բան հայտնի չէ: Դուք գիտեք, որ մենք այժմ գտնվում ենք Սանկտ-Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը:


Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր եւ վաղը պետք է աշխատի Սանկտ-Պետերբուրգում:


Լրագրողների հարցին ի պատասխան Պեսկովը մեկ անգամ եւս կրկնել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանցիների ներքին գործն է:


Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկություն է հաղորդել, որ «աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:


Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ եւ ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»: