25.11.2024
Պեսկովը չի հաստատել Արմեն Գեւորգյանի եւ Կրեմլի ղեկավարության բանակցությունների լուրը
prev Նախորդ նորություն

Դրանք բանակցություններ չեն. Կարեն Կարապետյանը չի հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:


Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:


Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:


Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:


Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:


Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:


Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի հանրահավաքի ընթացքում:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։