ՀՀԿ-ի անունից Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու է Կարեն Կարապետյանը. Շարմազանով
Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայատարում է, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկա բանակցություններում ՀՀԿ-ից լիազորված է խոսել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Ասելով Կարեն Կարապետյան, ես ի նկատի ունեմ քաղաքական թիմը, որ նրան նման լիազորություններ է շնորհել մեր քաղաքական թիմը: Նա լիազորված է բանակցել բոլոր կողմերի հետ՝ լինի ընդդիմություն, քաղաքացիական հազարակության խմբեր եւ այլն», - «Ազատությանը» հարցազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելեով, որ այդ բանակցությունները կարող են լինել նաեւ փակ ձեւաչափով:
«Այսօր երկու ընդդիմադիր գործչի միջև տետ-ա-տետ բանակցություններ են եղել [Փաշինյան-Ծառուկյան], առանց լրագրողների: Եթե դա հնարավոր է, ինչու հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության ու ընդդիմության միջև», - նշել է նա ու ընդգծել, որ բանակցությունների հիմքում պետության ներքին կայունության ու անվտանգության շահերն են: