23.11.2024
Ադրբեջանն առաջարկել է Իրանին օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և TANAP-ը
prev Նախորդ նորություն

Ռուհանի. Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Ադրբեջանի ու Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար հարաբերությունները սրընթաց զարգանում են և շատ կարևոր է դրանց հետագա ընդլայնումը: Այդ մասին Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը, ինչի համար առկա է լավ ներուժ: Մենք կցանկանայինք զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները տրանսպորտի, էներգետիկայի և ներդրումային ոլորտներում», - նշել է Ռուհանին, փոխանցում է Trend-ը: Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը և ընդգծել Ադրբեջանի և Իրանի նախագահների երկկողմ այցերի կարևորությունը 2014թ.-ին՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրումը կնպաստի խաղաղության, անվտանգության և համագործակցության զարգացմանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում», - ասել է նախարարը: Նրա խոսքով, երկու երկրների միջև առկա են լայն հնարավորություններ նավթային, քիմիական, էներգետիկ, ագրարային ոլորտներում կապերը զարգացնելու համար:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Իրանին օգտագործել իր ենթակառուցվածքները համաշխարհային շուկաներ նավթ ու գազ արտահանելու համար: Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, որ Իրանը կարող է օգտագործել ադրբեջանական ենթակառուցվաքները, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նավթի արտահանման համար: Ըստ նրա, Իրանն ապագայում կարող է միանալ նաև Տրանսանատոլիական գազամուղին (TANAP):