Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու որևէ այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի հետ:
«Այդ պաշտպանությանը զուգահեռ բոլորի պարտքն է դրան համարժեք պայմաններ ու միջավայր ձևավորել, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- շեշտել է նա:
Նախարարի խոսքով, բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է, ցանկացած պահի, երբ մարդիկ ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, ապա պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով ու գաղափարներով գործընթացը շարունակելու: Իսկ այս տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները գիտակցել են, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր- կտոր, կամ հասարակության միայն մի մասի ուսին դրված, հասարակությունը հասկացել է, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության կենսակերպն է:
«Մեր պայքարը ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է Արցախում, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել միայն կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով, մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու: Ես չեմ կարծում, որ մի որևէ պաշտպանության նախարար, ձեր միջոցով նայի մեր հասարակության աչքերին և ասի, որ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չունենք: Ով նման բան ասի, դա նշանակում է, որ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ շատ հետևողական աշխատել են և աշխատելու են հայոց բանակի մարտունակությունը բարձր պահելու համար և հենց այն մակարդակում, որով դուրս ենք եկել Արցախյան պատերազմից և շարունակել զարգանալ:
Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլին 800 հա տարածք կորցնելուն և հարցին, թե արդյոք նախարարը այդ տարածքը վերադարձնելու անհրաժեշտություն չի տեսնում, Սարգսյանը նշեց, որ կա հստակ անհրաժեշտություն ամուր պահելու առաջնագիծը, նաև որպեսզի զինադադարը, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որևէ ճեղք չտա, կամ փոխի իրականությունն այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար լինի շարունակել կամ անիմաստ լինի շարունակել.
«Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ մեր պաշտպանությունն ամուր պահել ամեն օր և շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները մարտավարականներից»,- հավելեց նա: