Վիզաների ազատականացումը կլինի, գործընթացը շարունակվում է. Քոչարյան
ՀՀ-ԵՄ հարաբերություններում գնալով ավելի դյուրին է դառնում վիզաների ռեժիմը: Սրանով է պայմանավորված, որ պարբերաբար, կառավարության որոշմամբ, ցուցակներում տեղի են ունենում փոփոխություններ՝ պարզեցվում է վիզաների ազատականացման հարցը դեպի այն երկրներ, որ մինչ այդ բարդեցված համակարգ ունեին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Ազգային Ժողովի կողմից ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացմանը և, մասնավորապես, վիզայի ազատականացման գործընթացին, փոխարտգործնախարարը նշեց, որ վավերացումից հետո դեռ պետք է ծանուցեն, որից հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածներ կսկսեն գործել: Ընթացակարգերն ավարտելուց հետո ԵՄ-ն կծանուցի, ու դրանից հետո միայն հաստատուն և առանձին դրույթներ կսկսեն գործել: Բայց մինչ այդ բոլոր ընթացակարգերի ավարտը ժամանակավոր կիրարկումն ինքնին ավելի դյուրին կդարձնի այն բանակցությունները, որոնք վարվում են վիզաների ազատականացման հարցում.
«Ժամկետները դեռ հնարավոր չէ նշել, քանի որ այդ ամենը տարբեր հանգամանքներից է կախված»,- ասաց նա:
Վիզաների դյուրականացման գործընթացումն, ըստ Քոչարյանի, անընդհատ գործընթաց է, որի շրջանակում աշխատում են առանձին պետությունների հետ: Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ բարդությունները պայմանավորված են այն իրավիճակով, որը ձևավորվել է Եվրոպայում միգրանտների հոսքերի հետ կապված, որի ֆոնին եվրոպական պետությունները շատ ավելի զգուշավոր են վերաբերվում նմանատիպ հարցերին.
«Բայց մենք դա խոչընդոտ չենք համարում և բանակցությունները շարունակում ենք»,- հավաստիացրեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները ազդեցություն ունենան այս գործընթացի վրա Շավարշ Քոչարյանը նշեց, որ հավանականություն չի տեսնում, քանի որ նույն Եվրոպական Միությունը շատ է կարևորում այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ-ի հետ՝ պահպանելով իր պարտավորությունները ինտեգրացիոն միավորումներով: Ի դեպ, ԵԱՏՄ որոշ անդամ պետություններ ևս ուսումնասիրում են ՀՀ այս փորձը»,- ասաց նա` չհարաժրվելով կոնկրետ անուններ հնչեցնել: