Ազգային ժողովի մարտի 21-ին նիստին մերժվեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծ ընդունումը:
Թեպետ միայն ԱԺ-ում ինը պատգամավոր ունեցող «Ելք» խմբակցությունն էր հայտարարել, որ կողմ է քվեարկում նախագծին, սակայն կողմ քվեարկեց 14 պատգամավոր: Խնդրին անդրադարձավ Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ շփոթմունք է եղել:
Այնուհետեւ ԱԺ-ում անցան ամենահին մեթոդին. մի կողմ թողեցին քվեարկության էլեկտրոնային սարքերը եւ բարձրացրեցին ձեռքերը: «Խնդրում եմ ձեռք արձրացնեն նրանք, ովքեր շփոթմամբ են կողմ քվեարկել», - դիմեց պատգամավորներին Բաբլոյանը, ու հաշվելուց հետո հայտարարեց. «Որոշումը չի ընդունվում 9 կողմ, 51 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով»:
Քվերակությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ թեպետ կիսում են մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, սակայն նա հայտարարության տեքստի մեջ գտավ կետ, որին հղում կատարելով փորձեց բացատրել իրենց առաջիկա դեմ քվեարկությունը:
«Ելնելով ներկայացված հայտարարության տառացի մեկնաբանությունից, որտեղ մասնավորապես, պահանջ կա ԱԺ կողմից իրավապահ մարմիններին որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, այստեղ տեսնում ենք Սահամանդրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկի:
Մենք այստեղ խորհրդարանական վերահսկողությունը չպետք է տարածական մեկնաբանենք այնպես, որ դա արտահայտվի իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման ձեւով», - ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԱԺ հայտարարության տեքստի վերաբերյալ որեւէ խմբակցություն առաջարկ չի ներկայացրել, թեպետ այն եղել է շրջանակռության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հայտարարության նախագծին, սակայն այդուհանդերձ, այն ընդգրկվել էր ԱԺ նիստերի օրակարգում: