ՌԴ նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինն արդեն քվեարկել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Պուտինը չի խախտել ձեւավորված ավանդույթը՝ ինչպես 2000, 2004, 2008 եւ 2012 թվականների ընտրություններին, նա իր քվեն տվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի շենքում: Պետության ղեկավարի այցելության ժամանակ ընտրական տեղամասի մուտքը չի փակվել:
Պուտինը ներկայացրել է անձնագիրը, ստացել քվեաթերթիկը, որից հետո ուղվել է քվեախցիկ՝ քվեակելու: Վերադառնալով՝ պետության ղեկավարը այն գցել է քվեաթերթերի մշակման համալիրի մեջ, որոնցով տեղամասերը զինել են: Ընտրական տեղամասից դուրս գալով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար հաջողություն կհամարի ստացած քվեների ցանկացած տոկոսը:
Նա նաեւ հասկացրել է, որ քվերակել է իր օգտին: «Ինչո՞ւ չպետք է քվեարկեի», - ասել է Պուտինը՝ ի պատասխան հարցին, թե դժվար է, արդյոք ինքն իր օգտին քվերակել, ու հավելել. «Ես վստահ եմ իմ ծրագրի ճշմարտացիության հարցում»:
Քվերակությանը մասնակցել են նաեւ այլ թեկնածուներ: Նրանցից են Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին, Բորիս Տիտովը եւ Պավել Գրուդինինը:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները: ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 16,55 տոկոս: Մոսկվայում տեղական ժամանակով 11:00-ին քվեարկել է ընտրողների 5,98 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 4,47 տոկոսը, Ղրիմում՝ 13,08 տոկոսը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Քվեարկած ռուսաստանցիների թիվը գերազանցում է նախորդ նախագահական ընտրություններում Մոսկվայի ժամանակով 10:00-ի դրությամբ մասնակցությանը, երբ այդ ժամին քվեարկել էր ընտրողների 12,2 տոկոսը: 2012 թվականին ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել էր 65,34 տոկոս:
Քվեարկությունը սկսվել է մարտի 17-ին Հեռավոր Արեւելքում Մոսկվայի ժամանակով 23:00-ից: Յուրաքանչյուր տարածաշրջանում քվեարկությունը կընթանա տեղական ժամանակով 8:00-ից 20:00, քվեարկությանը ընդհանուր կմասնակցեն Ռուսաստանի 85 տարածաշրջանների բնակիչները:
Ընտրական առաջին տեղամասերը բացվել են Կամչատկայում եւ Չուկոտկայում, որից հետո Մոսկվայի ժամանակով 00:00-ին տեղամասեր են բացվել Սախալինում եւ Մագադանի մարզում: