Հայաստանը սպառազինության համար Ռուսաստանից «մեծ բոնուսներ» է ստանում
Հայաստան զենքի մատակարարումների ռուսական «մենաշնորհը» և սպառազինությունների մատակարար երկրների թիվը մեծացնելու Ադրբեջանի փորձերն իրենց օբյեկտիվ պատճառներն ունեն, բայց արդյունքում երկրների կողմից ձեռքբերված սպառազինությունները միատեսակ են և համարժեք, ինչն ապահովում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Այդ մասին «РУСАРМИНФО»-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը:
«Հայկական կողմից կան սպառազինությունների շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ լուրջ քայլեր, ադրբեջանական կողմց՝ նույնպես: Բայց սպառազինությունների այն տեսակները, որոնք երկրները գնում են Ռուսաստանից, փոխադարձաբար իրար հավասարակշռում են, ինչը երաշխիք է, որ երկու կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լիամասշտաբ պատերազմ սկսել»,- նշել է ռուս փորձագետը:
Իվան Կոնովալովի կարծիքով՝ Ադրբեջանը զենք է գնում տարբեր երկրներից, քանի որ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի, բայց Հայաստանը Ռուսաստանից «մեծ բոնուսներ» է ստանում, այդ պատճառով հետագայում նույնպես կկենտրոնանա սպառազինությունների ռուսական շուկայի ուղղությամբ:
Համաձայն 2013-2017 թվականների ընթացքում սպառազինությունների համաշխարհային առևտրի մասին Ստոկհոլմի խաղաղության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցի՝ վերջին երկու տարում Հայաստանը ներկրել է 124 միլիոն դոլարի զենք, իսկ Ադրբեջանը՝ 551 միլիոն դոլարի: Զեկույցի համաձայն՝ Հայաստան սպառազինությունների մատակարարումների 100 տոկոսն իրականացվել է Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը, Ռուսաստանից բացի, զենք ու ռազմական տեխնիկա է ներկրել Իսրայելից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից: