29.11.2024
Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել և դեռ նոր ճակատամարտեր են հնարավոր. Թոմաս դե Վաալ
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ին կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ:


«Ադրբեջանն հայկական ագրեսիայի ու օկուպացիայի զոհ է: Հայաստանը չի ցանկանում ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները՝ Ղարաբաղը եւ յոթ շրջանը: Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական օկուպացված տարածքներից եւ հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձեւերի շրջանակում: Հայաստանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- ասել է Ալիեւը Բաքվի Գլոբալ 4-րդ համաժողովի ժամանակ, հայտնում է Ինտերֆաքսը:


Նա հայտնել է, որ Հայաստանն արդեն 20 տարի է խախտում է ՄԱԿ-ի չորս բանաձեւը: «Ներկայիս ստատուս քվոն անընդունելի է, որն ընդունում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստատուս քվոյի փոփոխությունը պետք է լինի մեր հողերի ապաօկուպացման ձեւով»,- ասել է նա:


Հատկանշական է, որ պաշտոնական Երեւանը չի ընդունում ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձեւերի վերաբերյալ Բաքվի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք չեն վերաբերում ՀՀ-ին: Ավելի վաղ, Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ հայտարարել էր. «Ադրբեջանական կողմն ամեն անգամ հիշատակում է ՄԱԿ-ի 4 բանաձեւը, բայց այսպիսի մի հարց պարոն Ալիեւին. իսկ այդ բանաձեւերի կետերից ո՞ր մեկն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի դրույթները կյանքի է կոչել միայն Հայաստանը, որն օգտագործեց իր ազդեցությունը մարտական գործողությունները կասեցնելու համար»:


Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւի հիմնարար ու առաջնահերթ պահանջն էր անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը: Բանաձեւերի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակում էր համառել՝ փորձելով բեկում մտցնել պատերազմի ընթացքում: Այդ պահանջն Ադրբեջանը չի կատարել մինչեւ օրս՝ հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի ստորագրումից ավելի քան 20 տարի անց:


Ինչ վերաբերում է ստատուս քվոյի փոփոխման Բաքվի պահանջներին, ապա այն եւս Հայաստանում ընկալում են այլ կերպ: «Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Ստատուս քվոյի փոփոխություն են ցանկանում, ապա պետք է ճանաչել ԼՂ անկախությունը»,- ասել էր ժամանակին Սերժ Սարգսյանը: