Օրերս ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում: Այցը որակվեց աննախադեպ ու պատմական. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Աղվան Վարդանյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցան և՛ Կոնգրեսում, և՛ Պետքարտուղարությունում ու այլ կառույցներում:
Թերևս, ոմանց դուր չի եկել այն ոգևորությունը, որը հայ պատգամավորներն արտահայտեցին այս այցի կապակցությամբ: Այդպես, Գերագույն խորհրդի պատգամավոր, առոջղապահության նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Ավետ Գրիգորյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ դեռ 90-ականների սկզբին պատիվ է ունեցել այցելել ԱՄՆ:
«93-ի սեպտեմբերին Գերագույն խորհրդի պատգամավորներիս ԱՄՆ կատարած ոչ պատմական, ոչ էլ աննախադեպ այցի մի դրվագ հիշեցի ու որոշեցի կիսվել այդ հիշողությամբ: 93-ի սեպտեմբերի 21-ին, երբ արցախյան հակամարտությունը, նաեւ ռազմական առումով, մոտ էր գագաթնակետին, ներկա էի Անկախության երկրորդ տարեդարձի կապակցությամբ Վաշինգտոնում մեր դեսպան Ռուբեն Շուգարյանի կազմակերպած դիվանագիտական ընդունելությանը: Նրա խնդրանքով մենք’ Բագրատ Ասատրյանը եւ ես, որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, մասնակցեցինք ձեռքսեղմման արարողությանը: Այն շատ երկար տեւեց, հյուրերը շատ էին’ մի քանի հարյուր: Ավարտին դժգոհություն հայտնեցինք դեսպանին, թե, լավ, դու ի պաշտոնե պիտի այդքան ձեռք սեղմեիր, մեր մեղքը ո՞րն էր: Նա էլ, թե, բա որ իմանաք ովքեր են ձեր ձեռքերը սեղմել, էդպես չէիք խոսի: Մեր հարցին ասաց’ Թուրքիայի դեսպանը եւ Ադրբեջանի երկու դեսպաններ: Զարմացանք...ո՞նց թե երկու․․․ Շուգարյանը ծիծաղեց ու բացատրեց:
Բանն այն է, որ Ադրբեջանում իշխանափոխություն էր եղել ու Էլչիբեյին հեռացնելով իշխանության էր եկել Հեյդար Ալիեւը, որն էլ ԱՄՆ-ում նշանակել էր նոր դեսպան: Իսկ Էլչիբեյի նշանակածը չէր համաձայնվում ու լքում երկիրը: Հիմա պատկերացրիք, չէ՞, ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը, նաեւ Թուրքիայի դեսպանը: Աշխարհի կողմից Հայաստան պետության նկատմամբ այն ժամանակվա մեր իշխանության վարած արտաքին քաղաքականությամբ ձեռք բերված հարգանքի դրսեւորումն էր սա: Մի բան, որ տարիների ընթացքում մսխվեց»,- հիշել է Գրիգորյանը:
Հիշեցումը, անշուշտ, կարևոր է, քանզի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ Հայաստանն այսօր ունի, մեղմ ասած, լուրջ խնդիրներ: Բայց այդ հիշեցումը պետք է զուրկ լինի խանդի դրսևորումներից կամ տողատակերով «աննախադեպ ու պատմական» որակումների հանդեպ ակնհայտ սառկազմից, քանզի թե՛ նախկին, թե՛ ներկայիս պատգամավորները, ըստ էության, ծառայում են Հայաստանի Հանրապետությանը. դա է գլխավորը, որով պետք է առաջնորդվեն: