25.11.2024
Գաղափար չունեմ, թե որքան է իմ IQ-ն. մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը
prev Նախորդ նորություն

Գլենդելի փողոցներից մեկը կկոչվի Արցախի անվամբ. քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել

Գլենդելի (Լոս Անջելես) քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդի պողոտան Արցախի փողոց անվանափոխելու գործընթաց սկսելու օգտին։ Այն գտնվում է Ուիլսոն եւ Հարվարդ փողոցների միջեւ եւ կկոչվի պատիվ Արցախի Հանրապետության։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից։


ՀԻշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:


Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:


Բացի այդ, Բակո Սահակյանն այցելել է նաեւ Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։


Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։


Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:


Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը եւս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:


Միեւնույն ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը թույլ չտալու նպատակով՝ «Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցը» (USAN) ստորագրահավաք էր կազմակերպել: Դատելով նրանից, որ արցախյան պատվիրակությունն այժմ Վաշինգտոնում է, կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը տապալվեց:


ԱՄՆ քաղաքացի ադրբեջանցիների մեկ այլ խումբ պատրաստվում է մարտի 14-ին Ադրբեջանի դեսպանատան առջեւ հակաիշխանական ցույց անցկացնել: Այդ խումբը ներկայացնում են Ադրբեջանից քաղաքական դրդապատճառներով արտագաղթած եւ քաղաքական ապաստան խնդրած անձինք: Հատկանշական է, որ ցույցը սկսվելու է Բակո Սահակյանի՝ Կոնգրեսում հանդիպումից կես ժամ անց: