Հայաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը: Նա արդեն հասցրել է հանդիպումներ անցկացնել Հայաստանի կառավարության տնտեսական ու ենթակառուցվածքների բլոկների պատասխանատու նախարարների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին էլ ակնարկել է խրախուսել, որ ամերիկյան գործարարները ներդրումներ անեն Հայաստանի տրանսպորտային ծրագրերում:
Հատկնշական է, որ այս հանդիպումից ուղիղ մեկ օր առաջ նույն նախարարի հետ հանդօպման ժամանակ Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին հայտարարել էր, որ Չինաստանը հետաքրքրված է հայ-իրանական երկաթուղու շինարարությամբ: Նա նաեւ հայտնել էր, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:
Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալը, ինչպես եւ կարելի էր սպասել, խոսել է երկու պետությունների տնտեսական հարաբերություններից ու ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, ագրոբիզնեսը եւ այլն, ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017 թվականին զգալի աճ է արձանագրել, եւ այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, եւ հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ «Այդ տեսակետից կարեւորվ է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ», -ասել է նա։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն վերջերս սկսել է հայտարարությունների մակարդակում դրական ազդանշաններ հղել Հայաստանին առ այն, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Երեւանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Նման հնարավորությունը վերջերս չբացառեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը: Այսինքն՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն կարող են ապագայում ունենալ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր, մի բան, որ մինչեւ օրս իրականություն չէր դառնում: Վաշինգտոնում մինչեւ վերջերս պնդում էին, որ 1973 թ.-ի ԽՍՀՄ-ի հետ կնքած կրկնակի հարկման մասին պայմանագիրը գործում է եւ այն վերանայելու կարիք չկա:
Պաշտոնական տվյալներով 2017 թ.-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 204 մլն դոլար: Թեպետ աճն ակնհայտ է ՀՀ-ի համար, սակայն սա ամերիկյան տնտեսության համար «կաթիլ է ծովում»: ԱՄՆ-ն նաեւ ՀՀ-ն տնտեսությունում թոփ 10 խոշոր ներդրող երկրների ցանկում է: Պարզ է, որ կրկնակի հարկման բացառումը կարող է չնչին տնտեսական էֆեկտ ապահովել ԱՄՆ-ի համար: Կամ ընդհանրապես ամերիկյան տնտեսությունը ոչ մի ազդեցություն չզգա դրանից, սակայն այդ երկրի ահռելի մեծ տնտեսության մասշտաբների պարագայում անգամ չիչին դրական տեղաշարժը Հայաստանի կողմ, կարող է լուրջ ազդակ լինել 10 մլրդ ՀՆԱ ունեցող ու ներդրումային սովի մեջ գտնվող հայկական պետության համար:
«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առեւտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը եւ աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են»,- իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առեւտրային ռեժիմին առչվող հարցերին», - ասված է հաղորդագրությունում:
Այնուհետեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Նախարարը նախ ներկայացրել է, որ 2017 թ–ին ՏՏ ոլորտը ՀՀ-ում աճել է 29 տոկոսով եւ հույս հայտնել ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
«ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը մեր երկրի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է», - ասել է Բրայան ՄաքՖիթերսն ու պատրաստակամություն հայտնել աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաեւ խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։