Մարտի 8-11-ն առևտրային բանկերը կաշխատեն. վարչապետը հանձնարարական տվեց
Դեռևս հունվարին մարտի 9-ի աշխատանքային օրը՝ ուրբաթ, տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ին՝ շաբաթ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոչ աշխատանքային այդ չորս օրերին՝ նշելով, որ համապատասխան մարմինները պետք է այնպես անեն, որպեսզի այդ օրերին տնտեսվարողների համար դժվարություններ չառաջանան:
Վարչապետը, մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը և անխափանությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ հնարավո՞ր է այդպես անել, տվեց դրական պատասխան: Այսինքն, առևտրային բանկերն այդ օրերին կաշխատեն: