25.11.2024
Շարժվում եք դեպի «երջանիկ խելագարություն». Փայլանը կոշտ է արձագանքել Էրդողանի խոսքերին
prev Նախորդ նորություն

Հայաստան-Իրան հարաբերությունների մասշտաբը պետք է փոխվի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և զարգացնելու համար: Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում:

Ռեզա Արդաքանիանը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստը նոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար: Ռեզա Արդաքանիանը վարչապետին է ներկայացրել միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերն ու անդրադարձել փոխգործակցության ուղղություններին: Նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները ևս հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին: Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է նշված ոլորտներում գործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել առևտրաշրջանառության ծավալերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված են խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ և պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր և պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու այլ հարցերի: