24.11.2024
ՆԱՏՕ–ն ռազմական գծով այլեւս չի համագործակցում Ռուսաստանի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշը նվազագույնի է հասել

Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած նոր հարցման արդյունքները։


Ժողովրդականության այս ցուցանիշը համընկնում է նախորդ տարվա դեկտեմբերին գրանցված եւ Թրամփի նախագահության ողջ ընթացքում ամենացածրը դարձած վարկանիշի հետ: Ինչպես նշում է CNN-ը, այս տարվա հունվարին ԱՄՆ առաջնորդի վարկանիշը անսպասելիորեն աճել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 40 տոկոսի: Վերլուծաբաններն այն ժամանակ դա կապում էին նախագահի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի հետ, որը հեռարձակվում էր ամբողջ երկրում եւ ընդհանուր առմամբ դրականորեն էր գնահատվել ամերիկացիների կողմից:


Սակայն մեկ ամիս անց Սպիտակ տան ղեկավարի ժողովրդականությունը կրկին ընկավ: Այս հանգամանքի վրա ոչ վերջին հերթին կարող էր ազդել փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, երբ դպրոցի նախկին աշակերտը կրակ էր բացել եւ սպանել էր 17 մարդու:


Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 54 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի՝ զենքի շրջանառության վերահսկման քաղաքականության հանդեպ վերաբերմունքին: Միեւնույն ժամանակ, ռեկորդային թվով հարցվողներ (70 տոկոսը) հանդես են եկել ԱՄՆ-ում հրազենի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրության խստացման օգտին: Սա CNN-ի բոլոր հարցումներից ամենաբարձր ցուցանիշն է 1993 թվականից ի վեր: Իսկ հանրապետականների բացարձակ մեծամասնությունը (80 տոկոսը) հավանություն են տալիս Թրամփի գործունեությանը: Դեմոկրատների շարքում հարցվածների միայն 5 տոկոսն է աջակցում ներկայիս նախագահին:


Հարցումն անցկացվել է փետրվարի 20-ից 23-ը ավելի քան հազար ամերիկացիների շրջանում: