27.11.2024
Եթե Թուրքիան դադարի խոչընդոտել Կիպրոսին՝ պատրաստ ենք նոր բանակցության. Կիպրոսի նախագահ
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդրի որեւէ լուծում չի կարող խաթարել Արցախի ժողովրդի ազատությունը. Սարգսյան

Հայաստանի եւ Լիբանանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը իր նստավայրում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ պաշտոնական բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:


Ինչպես հայտնում են նախագահի մամւոլի ծառայությունից, պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:


Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Սարգսյանի խոսքով, բանակցությունների ժամանակ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորել են տնտեսական բաղադրիչը: «Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։


Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ բարձր են գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես «մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում»: «Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագոր-ծակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ», - ասել է նա:


Սարգսյանը Լիբանանի նախագահին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: «Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել», - նշել է ՀՀ նախագահը:


Նա նաեւ վերստին երախտագիտություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ «մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար»։ «Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր», - ասել է Սերժ Սարգսյանը:


Սարգսյանը խոսել է նաեւ Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակվող մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների մասին: «Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին:


Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ:


Լիբանանի Նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին», - եզրափակել է նա:


Իր հերթին Լիբանանի նախագահ Միշել Աունը դրական եւ կառուցողական բնութագերլ Երեւանում կայացած բանակցությունները: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաև ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: «Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ:


Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես և իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում», - ընդգծել է Անունը:


Նա եւս հաստատեց, որ քննարկել ենՄերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարևան Սիրիայում: «Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու և պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները: Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Այստեղ նրան վստահեցրեցի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքները և ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն և կայունություն հաստատելով մեր հանրության մեջ: Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից», - ընդգծել է նա:


Նախագահները խոսել են նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարևան երկրներում, հատկապես՝ Լիբանանում: «Նախագահին ներկայացրեցի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ արդյունքում ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին: Այս կապակցությամբ շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովվի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ և որը կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո:


Ես երախտագիտությունս հայտնեցի Նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրեցի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում:


Նշեմ, որ բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում:


Ես նաև իմ երախտագիտությունը հայտնեցի նախագահին առաջիկա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար և խոստացա արձագանքել դրան՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն», - եզրափակել է Լիբանանին Նախագահը: