Ընդմիշտ եմ վերադարձել. Արմեն Սարգսյան
Ընդմիշտ եմ վերադարձել: Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար, պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը:
Թեկնածուն դարձյալ կրկնել է, որ դեռ որոշում չունի, իսկ լինելուն պես կհայտարարի այդ մասին: Նրա խոսքով՝ շատ լարված աշխատանքային հանդիպումներ և օրեր են իր համար:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև իր տիկնոջ հարցազրույցին, որում նա ասել է, որ իրենց որդիներն իրենց բրիտանացի են զգում. Արմեն Սարգսյանը հորդորեց անգլերեն տարբերակով կարդալ կարդալ «Daily Mail»-ին տրված հարցազրույցը.
«Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ քաղաքացիներ են: Հավասարապես լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես, միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի՝ պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերեն տարբերակով կարդացեք Daily Mail-ին տրված հարցազրույցը և կտեսնեք, որ անգլերենով այդ կերպ չի հնչում: Իմ կինն ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են»,- պարզաբանել է նա:
Նշենք, որ նախօրեին երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, իսկ այս պահին նա Գիտությունների ազգային ակադեմիայում է՝ գիտնականների հետ քննարկման է մասնակցում: ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ կհանդիպի ոչ միայն ԱԺ-ում ներկայացված, այլև արտախորհրդարանական ուժերի հետ: