Նիկոլ Փաշինյանը կապի դուրս չի գալիս. դեսպանատունը փորձում է ճշտել՝ որտե՞ղ է պատգամավորը
ՀՀ Ազգային Ժողովի Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ Իտալիայի ոստիկանությունը «պաշարել է իր հյուրանոցի սենյակը Հռոմում»։
«Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,- գրառել էր ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ ոստիկանությունը բավականին օպերատիվ արձագանքեց Փաշինյանի գրառմանը՝ տեղեկացնելով, որ Ինտերպոլը տեղեկացված է եղել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվելու մասին.
«Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ մեկի հետ կապ չի հաստատել: Նրա խոսքով՝ արտգործնախարարությունը տեղյակ է, որ պատգամավորին փորձել են ձերբակալել, բայց Փաշինյանը կտրականապես կապի դուրս չի գալիս.
«Մեր դեսպանությանը իտալական ոստիկանությունն ասել է, որ ոչ մի պրետենզիա չունեն պարոն Փաշինյանի նկատմամբ: Հիմա մերոնք փորձում են կապվել նրա հետ: Էդմոն Մարուքյանի հետ եմ խոսել, խնդրել, որ ինքը եւս փորձի, որ Փաշինյանը խոսի մեր դեսպանի հետ՝ հասկանանք՝ ինչ է եղել»,- ասել է Բալայանը:
Նշենք, որ այդ գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը այլ գրառում սոցիալական ցանցում չի արել, ինչպես նաև գրառում չկա իր հետ Հռոմում գտնվող կնոջ՝ Աննա Հակոբյանի էջում: