24.11.2024
Ոչ մեկ իլյուզիա չուներ, թե ատոմակայանի էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատի. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ: Այս մասին տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:


Նրա խոսքով, տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: Ուշագրավ է, որ սեփականատերն օտարերկրյա ներդրող է, ով նախագծի վրա ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար:

Դրանից բացի, օրեր առաջ պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Սարսանգ-Մատաղիս հատվածում չորս նախագիծ է իրականացվելու, որոնց շրջանակներում ջրամբարներ են կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի, ոռոգման և ձկնաբուծության նպատակներով: Այդ նախագծերի արժեքն անցնելու է 100 միլիոն դոլարը, որի զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից:

Բեգլարյանը տեղեկացնում է նաև, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 6 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 28.5 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով:

Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել են 351,1 մլն կՎտ/ժ: Պլանավորվում է մի քանի տարում սեփական արտադրանքը հասցնել ավելի քան 800 մլն կՎտ/ժ-ի, և դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ այն չէր գերազանցում 90 մլն կՎտ/ժ-ը: