Ոչ մեկի մոտ իլյուզիա չկար, թե ատոմակայանի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատի: Հայաստան-ԵՄ բանակցությունների արդյունքում հստակ ձեւակերպվել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի ատոմակայանի գործող բլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ:
Այս մասին Երեւանում ընթացող էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փոխնախարար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների ուղղությամբ: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա: Այդ երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում։ Եվ այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է նա:
Փոխնախարարը նաեւ չի բացառել, որ այլընտրանքային էներգետիկան կարող է իսկապես այլընտրանք լինել հայկական ատոմակայանին: Ըստ Հարությունյանի՝ ներկայումս զարգացումներն այդ ոլորտում բավականին սրընթաց են ընթանում, բայց հստակ որեւէ բան ասել ամեն դեպքում դժվար է:
Իսկ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարել է, որ ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի: Նրա խոսքով, դա միակ ճանապարհն է, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին:
«Մենք միաժամանակ հասկանում ենք, որ Հայաստանի համար կարեւոր է էներգետիկ անվտանգությունը, եւ դա պետք է հաշվի առնել: Ճապոնական Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո Եվրոպական միությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր անցկացրեցինք, այդպիսին նաեւ Հայաստանն իրականացրեց եւ այժմ կարեւոր է այդ սթրես-թեսթերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն` անել այն, ինչ հնարավոր է իրականացնել այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- շեշտել է նա:
Լորենցը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպումը շատ գործնական է լինելու, հստակ քայլեր են մշակվելու, որպեսզի Հայաստանի քաղաքացին շոշափելի արդյունք տեսնի էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, ճանապարհային անվտանգության բարելավման ոլորտում, ինչը ենթադրում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը:
Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով:
«Այդպիսի վտանգ կա: Այդ համաձայնագիրը ստորագրված է ԵՄ-ի եւ «Եվրաատոմ» կոչվող կազմակերպության հետ. ՀՀ-ն պետք է շահագործումից հանի ատոմակայանի երկրորդ բլոկը: Ըստ այդ համաձայնագրի, ՄԱԳԱՏԷ կոչվող կազմակերպությանը միանում է «Եվրաատոմ» կոչվող կազմակերպությունը`իր բոլոր 28 անդամների հետ: Դա նշանակում է, որ այդ 28 անդամներից յուրաքանչյուրը պոտենցիալ հնարավորություն ունի սահմանափակել ռուսական միջուկային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում: Այստեղ է վտանգը, որ 2026 թվականից հետո, կկանգնեք խնդրի առջեւ»:
Նա նաեւ ընդգծում է, որ կառավարության ծրագրում առաջին անգամ բացակայում է Ատոմակայան կառուցելու մասին դրույթը, ինչը ոլորտի պատասխանատուները բնական են համարում, քանի որ առջիկա հինգ տարում ՀՀ-ում չի նախատեսվում նոր էներգաբլոկ կառուցել: «Սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նոր ատոմակայան կառուցելու գաղափարից, ուղղակի այս ընթացքը պետք է օգտագործենք ուսումնասիրությունների եւ ֆինանսական միջոցներ փնտրելու ու ներգրավելու նպատակների համար», - բացատրել էր ժամանակին Հայ Հարությունյանը, ինչի հետ կտրականապես համաձայն չէ Արա Մարջանյանը:
«Ատոմակայն կառուցելու ու գործարկելու համար անհրաժեշտ է շուրջ 7-8 տարի: 4-5 տարի կառուցելու, իսկ 2 տարի անհրաժեշտ է բոլոր փորձարկումներն անցկացնելու համար: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ այն, որ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը արդիականացումից հետո կավարտտվի 2026-27 թթ., ապա ոչ թե այսօրվանից, այլ դեռ երեկվանից պետք է կառավարությունը զբաղվեր միջոցների հայթայթման ու նոր էներգբլոկի կառուցման հարցերով, որպեսզի 2026 թ-ին այն արդեն շահագործման հանձնվի, եւ պետությունը չկանգնի էներգետիկ խնդիրների առջեւ», - նշում է Մարջանյանն ու հույս հայտնում, որ Հայաստանը չի կորցնի ատոմակայանը, որովհետև այն 400 մեգավատ (ինչը ներքին սպառման 40 տոկոսն է ապահովում) երաշխավորված հզորություն է ապահովում:
«Ընդգծեմ՝ երաշխավորված հզորությունն այստեղ ունի առաջնային նշանակություն: Այն էներգետիկ համակարգին տալիս է երկարաժամկետ պլանավորման հեռանկար և ապահովում է երկրի տնտեսական զարգացումը»,- ընդգծում է Մարջանյանը: Նրա խոսքով, այդ հզորությունն այլընտրանքային համարժեք հզորություններով փոխարինելու հնարավորություն Հայաստանն այսօր չունի: