Մի քանի օր առաջ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջին օրերին որևէ հստակություն այս հարցի շուրջ չկար, հայտնի էր միայն, որ հրաժարականի դիմում իսկապես եղել է և դա լոկ խոսակցություններ չեն:
Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ նախարարը շարունակելու է պաշտոնավարել. նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանը հայտարարել է, որ Աշոտ Մանուկյանը անձնական պատճառով էր հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից»։ Այլ կերպ ասած, էներգետիկայի նախարարը հրաժարվել է հեռանալ պաշտոնից Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի համոզելուց հետո:
VERELQ-ի աղբյուրները սակայն նշում են, որ նախարարն այդ պաշտոնին կմնա մինչև մայիս, երբ կառավարությունը, ըստ Սահմանադրության պահանջի, հրաժարական կտա և նոր վարչապետը կձևավորվի նոր կաբինետը: Աշոտ Մանուկյանին պարտադրել են մնալ պաշտոնին, քանզի այս կառավարության հետ կապված ծրագրերը պետք է ավարտին հասցնի և, ի վերջո, քաղաքականությունը կրկես չէ, որ երկու-երեք ամիսը մեկ նոր նախարար նշանակվի:
Ավելի վաղ շրջանառվում էր, որ Աշոտ Մանուկյանը մտադիր է աշխատանքի անցնել «Տաշիր գրուպ», որտեղ պետք է տնօրինի էներգետիկ ոլորտը: Մեր աղբյուրի համաձայն՝ Մանուկյանը համաձայնություն տվել է այդ աշխատանքին անցնելու, սակայն չի բացառվում, որ նա առհասարակ մեկնի Հայաստանից, քանզի դրսից մեկ այլ գայթակղիչ առաջարկ է ստացել և առաջիկա երեք ամիսը հրաշալի time out է մտորելու այս ամենի շուրջ:
Ի դեպ, Աշոտ Մանուկյանը դրսում աշխատելու փորձ ունի, թեև այդ փորձը փոքր-ինչ քրեական ստվեր է իր մեջ պարունակում: Տարիներ առաջ նա զբաղեցրել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ: Քրեական գործը հարուցվել էր կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով և բազմաթիվ մեղադրյալներից մեկը եղել է նաև ներկայիս նախարար Մանուկյանը:
Նշենք, որ ամիսներտևած դատավարությունն ավարտվել է արդարացնող դատավճռով, որը տարածվել է նաև Աշոտ Մանուկյանի վրա: Մինչդեռ պաշտոնական հրապարակված կենսագրությունում այս պատմությունը, բնականաբար, բացակայում է, միայն նշված է, որ այդ տարիներին՝ 2011-2015-ին նա եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:
Նշենք, որ 2003 թվականից «Թելասի» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը պատկանում է «Интер РАО ЕЭС»-ին: