Արցախում զոհված զինծառայողի ուղղությամբ կրակել է զինծառայակիցը. հարուցվել է քրգործ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 27-ին Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել: Հովսեփ Գրիգորյանը Սպիտակից էր, բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ: Մայրն աշխատում է ՌԴ-ում: Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար: Սոցիալապես անապահով ընտանիքից էր:
Հիշեցնենք, այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Թերևս զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել երկու օր ուշացումով այն պատճառով, որ երեկ Հայոց բանակի 26-րդ տարեդարձն էր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: