Այսօր երեխայի դաստիրակության և զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվություն տարածվում է թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ և տարբեր կայքերում: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում «Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։
Քննարկման շրջանակներում միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին այն բոլոր տեսակի վտանգավոր տեղեկատվությունը, որը դիտավորյալ կերպով շրջանառվում է անչափահասների շրջանում: Ինչպես նաև ներկայացրեցին այն մեթոդները, որոնք Հայաստանում վերջերս ակտիվորեն կիրառվում է օտարամոլ արժեքներ սերմանելու համար:
Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը մասնավորապես ընդգծեց, որ կլոր սեղան-քննարկման նպատակն է ոչ միայն ի ցույց դնել, թե վտանգավոր տեղեկատվությունը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ երեխայի զարգացման վրա, այլ նաև գտնել լուծումներ աճող սերնդին այդպիսի տեղեկատվությունից պաշտպանելու համար:
«Այսօր երեխայի դաստիրակության և զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվություն տարածվում է թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ և տարբեր կայքերում: Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ 8 նահանգում ընդունվել է արգելք՝ այլասերվածություն տարածող տեղեկատվության վերաբերյալ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ԼԳԲՏ համայնքի կողմից կատարվող ակտիվ այլասերվածության քարոզի մասին, այլև բռնության, թմրանյութերի և կրոնական կազմակերպությունների քարոզչության», - ասաց Ղուկասյանը:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետի կարծիքով՝ պետք է ժողովրդական քննարկումների արդյունքում, ուսումնասիրելով նաև ԱՄՆ-իև Ռուսաստանի փորձը՝ խնդիրը կարգավորել օրենսդրորեն: Ըստ նրա կա օրենսդրական բաց, որի հետևանքով էլ անպատիժ է մնում, օրինակ, այն, որ Կարապի լճի հարակից տարածքում հայտնվում է այլասերվածություն քարոզող պաստառներ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ծածանվում է ԼԳԲՏ դրոշը, ու այդ ամենը մնում է ոչ միայն անպատիժ, այլև անարձագանք իշխանության կողմից:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը ևս կարևորեց խնդիրը օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությունը:
«Տեղեկատվական քարոզչությունն ամենուր է և դժվար է տարբերել, որն է դրական, որը՝ բացասական: Մինչդեռ համապատասխան օրինագիծ ունենալու դեպքում, մենք կկարողանանք պաշտպանել մեր ապագա սերնդին այլասերումից: Դրա համար կարծում եմ՝ պետք է ստեղծել փորձագետների մի խումբ և աշխատել այս ուղղությամբ: Սա շատ կարեւոր է, որպեսզի բացառենք երեխաների վրա հոգեբանական վատ ազդեցությունը և նրանց բնականոն զարգացմանը խոչընդոտող կողմնակի երևույթները», - շեշտեց Կոստանյանը:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետը նաև հստակեցրեց, որ խոսքն ամենևին էլ գրաքննության մասին չէ, այլ այն չափորոշիչների, որով առաջնորդվում են մի շարք արտասահմանյան հեռուստաընկերություններ, սոցիալական կայքեր:
Նա նաև բերեց կոնկրետ օրինակ մեր իրականությունից. «Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել էր խումբ մարիխուանայի օրինականացման քարոզչության, և այդ խմբում բազմաթիվ անչափահասներ կային: Իսկ մենք այսօր չունենք օրենք դրա դեմն առնելու»:
Ի դեպ, քննարկման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, նույն ակումբի փորձագետ Գրիգոր Բալասանյանը: Նրանք նույնպես ընդգծեցին խնդրի կարևորության և դրա լուծման անհրաժեշտության մասին: Նշենք, որ միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր բուհերի ուսանողներ: