25.11.2024
Բացահայտվել է հանցավոր խումբ, որ զբաղվել է օտարերկրացիների անօրինա­կան միգրա­ցիայով. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ծառուկյանը կաջակցի ՀՀԿ թեկնածուին, եթե հանգուցալուծվի կոալիցիա կազմելու հարցը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ». ««Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով արտերկրում է գտնվում: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը վերադառնալուն պես խմբակցության հետ կքննարկի ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի դաշինքի դիրքորոշումը։ Ծառուկյանը պատրաստվում է հստակեցնել նաև ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը։ Չի բացառվում, որ Արմեն Սարգսյան թեկնածուին աջակցելու հարցը հենց կախված լինի այս ինտրիգի հանգուցալուծումից»:


«Հրապարակ»․ Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները: Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»: Գագիկ Հարությունյանը, հավանաբար, կնշանակվի ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում, չնայած մեր աղբյուրն ասաց․ «Քանի չենք թռել առուն, հոպ չասենք»։ Քննարկվում են այլ անուններ եւս` Դավիթ Հարությունյան, Գեւորգ Կոստանյան, նույնիսկ՝ Տիգրան Մուկուչյան: Պակաս հետաքրքիր չէ նաեւ ԲԴԽ-ի անդամների թեկնածուների ցանկը: Ինչ վերաբերում է Երեւանի դատարանի ղեկավարին, ապա, ճիշտ է, Արման Մկրտումյանը ցանկանում է այդ աթոռին տեսնել իր հարեւան, սանիկ Ռուբեն Վարդազարյանին, սակայն մեր աղբյուրը դա վերջնական որոշված չի համարում․ «Մկրտումյանն ինքը դեռ պետք է մտածի իր աթոռը պահելու մասին»:


«Ժամանակ». «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը և դրա համար իր անձնական պատասխանատվությունը: Օհանյանն ուզում է մարտի 1-ին լինել Ազատության հրապարակում՝ Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչերով հանդես եկող ցուցարարների կողքին: Բայց չի կողմնորոշվում, թե հատկապես ում հետ լինի, որովհետև հրապարակում այդ օրը անշլագ է լինելու՝ «Ելք» դաշինք, «Սասնա ծռեր», ՀԱԿ, «Ժառանգություն», Մուշեղ Սաղաթելյան: Տեսնենք, թե այս ուժերից ու անհատներից ով կստանձնի Օհանյանի մաքրման գործընթացը»:


«Ժողովուրդ». «Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգևորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով: 7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգևորել են նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները: Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առևտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միևնույն է, շարունակում է խորանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք և ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ. 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ»:


«Ժողովուրդ». «Բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ դառնալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետևանքները թողնի դիզվառելիքի և սեղմված գազի թանկացումը:


«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետև հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռևս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները և որոշում կկայացնեն:


Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ ևս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները»: