ԵԽԽՎ-ն քննարկում է էլեկտրոնային ԶԼՄ-ների և սոցմեդիայի պատասխանատվության միջոցների հարցը
Շաբաթներ առաջ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը:
Հովհաննիսյանը ավելի մանրամասն ներկայացրել է այդ նախաձեռնության բովանդակությունը:
«Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները.
1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ՝ գոյություն չունեն:
2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:
Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝
- ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը;
- ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով:
Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝
- սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները.
- համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ»,- գրառել է Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում: