25.11.2024
ԵԽԽՎ-ն քննարկում է էլեկտրոնային ԶԼՄ-ների և սոցմեդիայի պատասխանատվության միջոցների հարցը
prev Նախորդ նորություն

ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ քրգործեր են հարուցվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ. քաշքշել են և իր կամքին հակառակ` հարկադրաբար տեսանկարահանել: Կ. Գ.-ն հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:


ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:


Կատարվում է նախաքննություն:


Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Երևանի բնակիչ Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել և քնել:


Նկատի ունենալով, որ հիշյալ նյութերում առերևույթ առկա են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշներ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: