Բաքվում չեն հանգստանալու, քանի դեռ այնտեղ իշխում է համատարած հայատյացությունը. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։
Այս մասին գրում է արցախի մարդու իրավունքների պաշտպան ռուբեն Մելիքյանը ու հավելում՝ չեն հանգստանալու։ «Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու», - իր Facebook-ի էջում գրում է Մելիքյանը։
Նրա խոսքով, հայկական կողմը դեռ երկար ժամանակ պետք է զգաս ու աչալուրջ լինի։ «Ու, իհարկե, չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է», - նշում է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
Հայաստանի ԱԳՆ-ից եւս մեկնաբանել են կատարվածն ու նշել, որ Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: «Չի ստացվելու»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: