Չի ստացվելու. ԱԳՆ-ն մեկնաբանել է շփման գծում Բաքվի սանձազերծած դիվերսիայի փորձը
«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու», - այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: