27.11.2024
Չի ստացվելու. ԱԳՆ-ն մեկնաբանել է շփման գծում Բաքվի սանձազերծած դիվերսիայի փորձը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ. Շավարշ Քոչարյան

Որպես կանոն, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները, և դա նորություն չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այսօր գիշերը ադրբեջանական զինուժի կողմից  ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը:


Նա ենթադրեց, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը ձեռնտու չէր Բաքվին, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը և այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում.


«Բայց մյուս կողմից՝ Բաքուն պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ», -ասաց Քոչարյանը:


Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից շատ հայտարարություններ են արվում, բայց Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական հավասարակշռությունը` օգտվելով նաև դաշնակցային հնարավորություններից:


«Ընդ որում` մենք շատ ավելի մատչելի գներով ենք ստանում սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,- շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:


Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: