25.11.2024
Սերժ Սարգսյանը մատնանշեց խավիարային դիվանագիտությունն ու ԵԽԽՎ-ում արժեքային ճգնաժամը
prev Նախորդ նորություն

Նոր կապեր Իրաքի, Լիբանանի, Էստոնիայի հետ. վարչապետի հանդիպումները Դավոսում

Դավոսում շարունակվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պաշտոնական շրջանակների հետ:


Կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ, որի շրջանակում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը:

Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:
Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորությունենրին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին:


Հաջորդ հանդիպումը եղել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև փոխգործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից:


lebanon

Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից: 


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել նաև Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:


estonia

Վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով: «Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար:

Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար: