Ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիոն սկանդալներին, որոնցում ներգրավված են եղել եվրոպացի պաշտոնյաները ու արժեքային համակարգի ճգնաժամին:
Սերժ Սարգսյանի խոսքով, Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել թե՛ ստանձնած պարտավորությունների կատարմանը, թե՛ այս կառույցի հիմնարար արժեքների հանդեպ մեր հավաքական հանձնառությանը:
«Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերևս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր»,- ասել է նա:
Նրա խոսքով, 2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ և աղմկահարույց զեկույցներ, բանաձևեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միևնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երևույթների կյանքը կարճ է.
«Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձևերը, ինչպես նաև հեղինակազրկելով դրանց հետևում կանգնած մարդկանց և ուժերին: Հավատացած եմ, որ կոռուպցիոն բացահայտումներն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի զեկույցը արմատախիլ կանի այդ արատավոր երևույթը՝ նպաստելով անդամ պետություններում մեր կառույցի հանդեպ վստահության ամրապնդմանը»,- հավելել է նա:
Նշենք, որ երկար տարիներ Ադրբեջանն իր համար ազդեցություն է ապահովել Եվրոպային խորհրդում ձկնկիթի, խոշոր գումարների և շքեղ գորգերի շնորհիվ։ Կոռուպցիոն սկանդալում ներգրավված է եղել ոչ միայն ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, ով ճնշման ներքո հրաժարական տվեց անցած հոկտեմբերին, այլև մի շարք եվրոպական երկրների պատգամավորներ՝ Իտալիայի, Գերմանիայի և այլն: Այս արատավոր երևույթի մասին տարիներ շարունակ խոսել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, մինչ առկա իրավիճակը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:
Այդպես, Tagesspiegel-ի թղթակիցը գրում է.
«Ադրբեջանի հասցեին մեղադրանքները՝ կապված այն բանի հետ, որ նրա ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում զբաղվում են «խավիարային դիվանագիտոությամբ», հայտնվել էին դեռևս 2012 թվականին։ Սակայն խնդրի մասշտաբներն ակնհայտ դարձան պատգամավորների մեծամասնությանը միայն այն բանից հետո, երբ անցած տարի Իտալիայի նախկին ներկայացուցիչը հայտնվեց ամբաստանյալի աթոռին՝ կապված փողերի լվացման մեղադրանքների հետ։ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի ներկայացուցիչներից ստացել էր 2.39 մլն դոլար, և իտալացի քննիչները դա կապել էին ԵԽԽՎ-ում նրա գործունեության հետ, որտեղ նա զարմանալիորեն ակտիվ հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի և նրա հեղինակավոր ղեկավարության շահերի: Եվրոպայի խորհրդում ձևավորվել էր Ադրբեջանի աջակցության մի ամբողջական խումբ, որի առանձին ներկայացուցիչները նույնիսկ զբաղեցրել են կազմակերպությունում առանցքային պաշտոններ։ Նրանցից մեկը եղել է ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը»:
Ուշագրավն այն է, որ դեռ անցած նստաշրջանում Վեհաժողովը երկու բանաձև էր ընդունել Ադրբեջանի մասով, որոնցից մեկն առնչվում էր հենց խավիարային դիվանագիտությանը: ԵԽԽՎ-ն, ըստ էության, Ադրբեջանից պահանջում է անհնարինը՝ անկողմնակալ հետաքննություն սկսել այս ամենի վերաբերյալ:
Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես, խորհուրդ է տրվում խավիարային դիվանագիտության հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ եւ անկողմնակալ հետաքննություն սկսել: Խոսքը Իտալիայից եվրախորհրդարանական, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի գործի մասին է, որն արդեն քննում է Միլանի դատախազությունը` Վոլոնտեին մեղադրելով Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Այս գործը ջրի երես էր դուրս եկել 2016 թվականի ամռանը, իտալական Corriere della Sera թերթի հրապարակումից հետո: