Ինչպես է Ադրբեջանը զբաղվում «խավիարային» դիվանագիտությամբ. Tagesspiegel
Երկար տարիներ Ադրբեջանն իր համար ազդեցություն է ապահովել Եվրոպային խորհրդում ձկնկիթի, խոշոր գումարների և շքեղ գորգերի շնորհիվ։
Կոռուպցիոն սկանդալում ներգրավված է նաև Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր, հայտնում է Tagesspiegel-ի թղթակից Կլաուդիա ֆոն Զալցենը։
«Ադրբեջանի հասցեին մեղադրանքները՝ կապված այն բանի հետ, որ նրա ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում զբաղվում են «խավիարային դիվանագիտոությամբ», հայտնվել էին դեռևս 2012 թվականին։ Սակայն խնդրի մասշտաբներն ակնհայտ դարձան պատգամավորների մեծամասնությանը միայն այն բանից հետո, երբ անցած տարի Իտալիայի նախկին ներկայացուցիչը հայտնվեց ամբաստանյալի աթոռին՝ կապված փողերի լվացման մեղադրանքների հետ։ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի ներկայացուցիչներից ստացել էր 2.39 մլն դոլար, և իտալացի քննիչները դա կապել էին ԵԽԽՎ-ում նրա գործունեության հետ, որտեղ նա զարմանալիորեն ակտիվ հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի և նրա հեղինակավոր ղեկավարության շահերի»,-փոխանցում է պարբերականը։
Վոլոնտե միակը չի եղել, ով պարգևատրվել է Ադրբեջանի շահերը խթանելու համար։ Այդ գործին է լծված եղել նաև Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը։
Եվրոպայի խորհրդում ձևավորվել էր Ադրբեջանի աջակցության մի ամբողջական խումբ, որի առանձին ներկայացուցիչները նույնիսկ զբաղեցրել են կազմակերպությունում առանցքային պաշտոններ։ Նրանցից մեկը եղել է ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։
Վաղը Բունդեսթագում կհաստատվեն խմբակցությունների կողմից առաջարկված նոր պատվիրակության անդամները։ Ընդհանուր առմամբ Գերմանիան Ստրասբուրգ կուղարկի 18 պատգամավոր, ասվում է հոդվածում։ «Գերմանիայի նոր պատվիրակությունը պետք է պատասխանի հարցին այն մասին, թե ինչ եզրակացություններ պետք է անել ներկայիս կոռուպցիոն սկանդալից»,-եզրափակել է հոդվածագիրը։