VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որը բացառապես նրան է սպասարկում, պահվում է միայն նրա հանդիպումների համար: Իր բիզնես-գործնական, քաղաքական-աշխատանքային հանդիպումները Արմեն Սարգսյանն անցկացնում է հենց այդ սեղանի շուրջը` օգտակարը համակցելով հաճելիի հետ. «չար լեզուներն» ասում են նաեւ, թե միայն սեղանի «բրոնյան» արժե ամսական քսան հազար եվրո»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թեւին կտրուկ արգելված է խոսել կամ մեկնաբանություններ տալ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեմայով: Այն պատգամավորները, ում վրա դրված է ՀՀԿ-ի տեսակետներն արտահայտելու եւ տիրաժավորելու պարտականությունը, Արմեն Սարգսյանի անունը լսելիս նմանվում են դիվահարի: Սրա պատճառը թերեւս այն է, որ Արմեն Սարգսյանը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկին, իսկ մինչ այդ նրան գովելն ու մեծարելը մի քիչ անհեթեթ, նսեմացուցիչ է հնչում»:
«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ եւս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը կարծես թե որեւէ օբյեկտիվ հիմք չունի: Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ: Այսպես՝ առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով կամ 30,3 տոկոսով, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս: Վերջին օրերի թանկացումը կապված է բենզին վաճառող ընկերությունների կողմից իրենց եկամտի մարժան պահելու ցանկության հետ: Որքան էլ տխուր լինի, սակայն փորձագետները պնդում են, որ ապրիլից հետո, երբ իշխանության մեջ դերաբաշխումը վերջնականապես ավարտվի, Հայաստանում նոր գնաճ տեղի կունենա»:
«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել եւ դրանք ներդաշնակել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով եւ «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետեւանքով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ ասում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են եւ խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձեւավորվի՝ մեր մասով»: Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ: «Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այդ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի եւ մեր անվտանգության», - ընդգծում է նա»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոիս համաշխարհային տնտեսական համաժողովին: Ս. Սարգսյանը Ֆրանսիա մեկնեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կ. Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից: Կարեն Կարապետյանը, սակայն, այս իրավիճակին յուրահատուկ լուծում էր գտել: նա անգամ օդից լուսանկար հրապարակեց, ցույց տալու համար, թե ինչպիսի օդանավով է մենկում Դավոս: «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- «ՀԺ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետին Դավոս հասցրած ինքնաթիռը պատկանում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին: Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ, ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»: «Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպասվում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ: Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք: Հիմա սպասում ենք, թե ինչ է անելու իշխանությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել, հենց նախաձեռնենք, տեղյակ կպահենք»,-նշեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։ «Հոկտեմբերի 27-ից հետո ձեւավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, երբ նա անկարող լինի որեւէ բան անել։ Այս իշխանություններն ընդհանրապես որեւէ մեկին թույլ չեն տա դառնալու բյուրեղացման կենտրոն, հասարակությանը միավորելու կենտրոն։ Նույն ձեւով նախագահի ընտրությունն է (որը ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում) այդ սկզբունքով իրականացվում։ Դա արվում է այն նպատակով, որ հանկարծ որեւէ մեկը չդառնա բյուրեղացման կենտրոն, հասարակության ձգտումները չմարմնավորվեն մեկ կերպարի մեջ»,- մեր հարցին արձագանքեց Արամ Մայիլյանը»: