25.11.2024
ԵԽԽՎ նոր նախագահը սկզբունքային, օբյեկտիվ և արդար գործիչ է. Նաիրա Կարապետյան
prev Նախորդ նորություն

Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը զիջում են քաղաքական առկա մակարդակին. Ժերար Լարշե

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:


Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։ Հանրապետության նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդա­րա­նա­կան երկխո­սության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում:


Հանդիպումների հաճախակիությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում և նշել, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:


Իր հերթին Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն:


Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:


Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:


Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: