Գերմանիայի մամուլը՝ Իսրայելի Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության սկանդալի մասին
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի Հնդկաստան կատարած այցին, որի ժամանակ վերջինիս պատվիրակության կազմում ընդգրկված են եղել հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում Իսրայելի` մեծությամբ հինգերորդ խոշոր ռազմաարդյունաբերական և անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը համարվող Aueronautics ընկերության ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, գերմանական Tageszeitung օրաթերթը նշել է, որ Aueronautics ընկերության հաճախորդներից է նաև Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, որը մինչև 2019թ. վարձակալման հիմունքներով օգտագործում է Heron1 հետախուզական անօդաչու սարքը: Ընկերության ամենամեծ գնորդն Ադրբեջանն է, որի հետ միայն անցած տարի ստորագրվել է 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքներ:
Միաժամանակ թերթը նաև անդրադարձել է այդ ընկերության դեմ այս տարվա օգոստոսից ընթացող հետաքննության մանրամասներին` նշելով, որ ընկերության բարձրաստիճան աշխատակիցները կասկածվում են անցյալ ամառ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեկի վրա փորձնական թռիչք իրականացնելու մեջ: Դրա հիման վրա Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից ընկերության դեմ կիրառվել է «արտահանման արգելք», որը հիմնականում վերաբերում է Օրբիտր-1K հարձակողական անօդաչու սարքերին: Վերջիններս, ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքէջում, կարող են 1-2կգ պայթուցիկ տեղափոխել «մեր արտերկրյա կարևոր հաճախորդին»: Թերթը նշում է, որ ինչպես հայտնի դարձավ վերջերս, այդ հաճախորդն Ադրբեջանն է, որի տարածքից էլ իրականացվել է փորձնական թռիչքը դեպի Լեռնային Ղարաբաղ: