24.11.2024
Թուրքիան ՌԴ համաձայնությամբ 30 կմ անվտանգության գոտի կստեղծի Սիրիայում. Յըլդըրըմ
prev Նախորդ նորություն

Իրանի հետ միջուկային գործարքի տապալման դեպքում խառնաշփոթ կսկսվի. Լավրով

Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, ինչպես նաեւ այլ միջազգային համաձայնագրերի տապալումը խառնաշփոթի կհանգեցնի համաշխարհային գործերում: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


ՌԴ նախարարը ընդգծել է, որ եթե այս կամ այն հակամարտությունում առաջատար երկների միջեւ համաձայնեցված իրավական պայմանավորվածությունները խախտվում են, խառնաշփոթ է առաջանում: «Դա շատ տխուր կլինի», - նշել է Լավրովը:


«Ես անընդունելի եմ համարում՝ լինի դա Իրանը, Սիրիան, Լիբիան, Եմենը, թե Կորեական թերակղզին, որտեղ եւս 2005 թվականին ձեռքբերված պայմանավորվածություն կար, որը հստակ ամրագրում էր, թե ինչ է պահանջվում ԿԴԺՀ-ից եւ մնացածից»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը:


Լավրովի խոսքով՝ ամերիկացիները հանկարծ «Մակաոյի ինչ-որ բանկում ինչ-որ հաշվի հետ կապված պատմություն են գտել» եւ սկսել են կալանք դնել հյուսիսկորեական հաշիվների վրա: Ըստ նրա՝ «որքան ուզես կարելի է վիճել, թե որքանով է դա արդարացի, որքանով էր Հյուսիսային Կորեան ճիշտ եւ ԱՄՆ-ն՝ սխալ»: «Փաստը մնում է փաստ, որ կար պայմանավորվածություն, ասվել էր, որ այս պահից սկսած դադարեցվում է այն ամենը, ինչ վերաբերվում է առճակատմանը եւ ամեն տեսակ սադրիչ գործողություններին: Չստացվեց»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը: Այժմ ամենակարեւոր խնդիրը, ըստ Սերգեյ Լավրովի, ձեռքբերված համաձայնություններին հետեւելու ունակությունն է:


Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե դրանում փոփոխություններ չմտցվեն: Նա հիշեցրել է, որ կրկին երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, սակայն, ըստ նրա, դա արվել է «միայն Իրանի միջուկային գործարքում առկա սարսափելի թերությունները շտկելու նպատակով եվրոպական դաշնակիցների հետ համաձայնագրի կնքման համար»: