Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը. Սերժ Սարգսյանը ելույթ կունենա
Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի առանցքային կետը ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունն է, իսկ Հայաստանի համար այն հետաքրքիր է նրանով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա:
Հիշեցնենք, սկանդալի ֆոնին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարական տալուց հետո վեհաժողովը նախագահում է Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդիսը: Ագրամունտի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հունվարին, սակայն նա ճնշման տակ ստիպված էր հրաժարականի դիմում ներկայացնել:
Սպասվում է, որ ԵԽԽՎ նոր նախագահ կդառնա Իտալիայի ներկայացուցիչ Միկելե Նիկոլետտին, ով ներկայումս գլխավորում է վեհաժողովի ամենամարդաշատ՝ Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ խումբը: Նրա թեկնածությունը նստաշրջանի նախօրեին միակն էր:
Նստաշրջանի երկրորդ օրը տեղի կունենա ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ընտրությունը: 2012 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Նիլս Մույժնիեկսը. 2018-ին նրա 6-ամյա լիազորությունների ժամկետը լրանում է և վերընտրվելու հնարավորություն ընձեռված չէ:
Օրակարգում են քննարկումներ, նվիրված ուկրաինական ճգնաժամին, կներկայացվեն զեկույցներ Հունգարիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Հունաստանում, Իրլանդիայում և Էստոնիայում իրավիճակի վերաբերյալ: Հայտ է ներկայացված նաև քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում և այլն:
Նախատեսվում է նաև, որ ելույթ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Դանիայի վարչապետ Լարս Լյեկկո Ռասմուսենը, Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը: