ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, գրում է Politico-ն:
«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը: Նրա խոսքով՝ վարչակազմը չափազանց շատ էր անհանգստանում Թուրքիային չվիրավորելու կապակցությամբ:
«Ես ներողություն եմ խնդրում: Ես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը:
Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են հայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին: «Նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ էին՝ հաշվի առնելով տարիներ շարունակ ԱՄՆ նախագահներին տանջող հարցի զգայունությունը»,- գրում է Politico-ն:
«Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարևոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որևէ հարցում, կամ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի է՛լ ավելի է բարդանալու»,- բացատրել է Ռոդսը:
Փաուերի կարծիքով՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգելու հարցում շահագրգռված այլ անձինք կարողացել են «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Էրդողանը, հասկանալով ամերիկյան քաղաքական տրամադրությունները, այնպես էր կարողանում անել, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, նա իր այդ քայլով կկանգնեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման շարունակական փորձերը:
Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը և իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ, «բայց հետո՞, արդյո՞ք դա չէր խոչընդոտի դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի խոստումնալից լիներ»: «Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետև դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող և այն իմացող մարդիկ»,- հավելել է նա:
Ինչպես գրում է Politico-ն, ամերիկահայերը խիստ հիասթափվել են Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը դրժելու պատճառով: Ռոդսի ու Փաուերի խոսքերը բավական չեն համայնքի առաջնորդներին հանգստացնելու համար, որոնք կարծում են, որ դա չափազանց քիչ է և չափազանց ուշ է դրա համար:
«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը և հավելել, որ այլ մարդ կա, ում խոսքերը համայնքը կցանկանար լսել:
«Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»,- ասել է նա: Թարգմանությունը` tert.am