ՀՀԿ-ականների «աչքը խաղում է». նախընտրական տարին չեն ուզում սկսել երթերով ու նստացույցերով
Հունվարի 19-ին Ելքը գնաճի ու թանկացումների դեմ երթ է անցկացնելու: Բողոքի ակցիայի անցկացման մասին ընդդիմությունը տեղեկացրել էր դեռ անցած շաբաթ, բայց միայն այսօր իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականները, իրենց հայտարարություններով ցույց տվեցին, որ նախաձեռնությունն իրենց նյարդայնացնում է:
ԱԺ հայտարարությունների ժամին, օրինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամզանովը հիշեցրեց, որ խորհրդարանը լավագույն վայրն է, որտեղ էլ ճիշտ է լուծել խնդիրները՝ ունեն և՛ անհրաժեշտ գործիքակազմը և՛, ի վերջո, անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին: Իսկ նրա գործընկեր, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ այդ ամենն արդեն անցել ենք և փողոց դուրս գալու փոխարեն ավելի լավ է փորձել լուծումներ գտնել.
«Երկրի թիվ մեկ ամբիոնը լիուլի ձերն է խոսեք, առաջարկեք, քննարկեք եւ եկեք միասին գտնենք լուծումները։ Հետո մի մոռացեք՝ ձեր փողոցն էլ ենք տեսել, փողոցից հետոն էլ, մի փորձեք քաղաքացիներին կրկին վահան դարձնել»,- հայտարարեց նա։
Ըստ նրա՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Եսայանը հիշեցրեց, որ հունվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան թանկացումներին նվիրված խորհրդարանական լսումներ, հետևաբար՝ «լսումները նաեւ այս նպատակն ունեն եւ մենք, որպես խորհրդարան, մեր առաջարկները պիտի ներկայացնենք կառավարությանը։ Յուրաքանչյուրը եւ այստեղ եւ այնտեղ պարտավոր է լուծումներ գտնել՝ մեղմելու եւ գնաճը եւ հետևանքները: Ամենակարեւորը՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլև գործով»:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անկեղծ զարմանում է ՝ մեր քաղաքացիներին սիրաշահելու համար արհեստականորեն գները նվազեցնե՞նք: Ավելին, խոստանում է, որ խորհրդարանական լսումների ժամանակ կներկայացվեն հիմնավորումներ, թե ինչու են տեղի ունեցել թանկացումները: Այլ կերպ ասած՝ փողոց դուրս գալ պետք չէ, այլ հարկ է սպասել այդ հիմնավորումներին, որից հետո էլ հանրությունը կհասկանա … դե իսկ գներն էլ կմնան նույն բարձունքում:
Պատճառը, թե ինչու է ՀՀԿ-ականներին այսչափ անհանգստացրել Ելք-ի բողոքի ակցիան, պարզ է՝ նախընտրական տարի է և առաջիկա օրերին էլ Հանրապետականը թերևս կհնչեցնի ՀՀ նախագահի իր թեկնածուի անունը: Պարզ է, որ նոր Սահմանադրությունը այժմ սահմանում է, որ նախագահին ընտրում է ԱԺ-ն, թարգմանաբար ասած՝ այն ուժը, որը կունենա մեծամասնություն: Բայց ցանկացած դեպքում ավելորդ նեգատիվի բաժինը, երբ դրա չափաբաժինն առանց այդ էլ շատ բարձր է, ՀՀԿ-ականներին պետք չէ: Իսկ Ելք-ի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը, չի բացառում, որ երթից հետո հնարավոր է նաև նստացույց անցկացվի, եթե իրավիճակը ցանկալի փոփոխություն չունենա...