23.11.2024
«Քաղաքական մեծամասնությունը թքած ունի». եկամտահարկը չի նվազեցվի
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Բաղդասարյան

Փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Թեև քիչ ժամանակ է մնացել, բայց պատգամավորը հրաժարվեց անուններ հնչեցնել: Նրա խոսքով, կարելի է բավականին շատ թեկնածուների նշել, որոնք ունեն հանրային հեղինակություն, կարող են սփյուռքում ունենալ ազդեցություն, ապակուսակցական են: Հիշեցնենք, անցած շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ «նախագահի պաշտոնում կներկայացնեն մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն:


«Երբ այս շաբաթ կլինեն քննարկումները, կլինեն անուններ ու դրա մասին մենք տեղյակ կպահենք»,- լրագրողների հարցերին արձագանքեց Բաղդասարյանը:


Նա ընդգծեց, որ քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթվանից: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի թեկնածուին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս պահին այդ հարցի շուրջ հստակություն դեռ չկա:


Ավելի վաղ VERELQ-ը ներկայացրել էր, թե ինչպես է Ազգային Ժողովը նախագահ ընտրելու:  Նախագահի թեկնածու է առաջադրելու պատգամավորների ¼-ը, եթե թեկնածուներից մեկը ստանում է ձայների ¾-ը, այսինքն՝ 75%-ից ավելին, նա կհամարվի ընտրված նախագահ: Եթե նախագահների թեկնածուներից և ոչ մեկը չի ստանում նշված քանակի ձայներ, ապա երկրորդ փուլում հանրապետության նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով, այսինքն՝ 60%-ով:


Եթե երկրորդ փուլում էլ նախագահ չի հաջողվում ընտրել, ապա երրորդ փուլում քվեարկվելու են միայն առավելագույն երկու ձայներ ստացած թեկնածուները և նախագահ ընտրվելու է նա, ով կստանա ավելի շատ ձայն: