«Քաղաքական մեծամասնությունը թքած ունի». եկամտահարկը չի նվազեցվի
Քաղաքական մեծամասնությունը ուղղակի թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր նվազեցնել եկամտահարկը, մերժվեց:
Ըստ նախագծի, առաջարկվում էր մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների՝ հունվարի 1-ից փոխված 23% եկամտահարկն իջեցնել 21%-ի, իսկ 150 000-ից 300 հազար եկամուտ ունեցողների եկամտահարկը գործող 28%-ից դարձնել 26%:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, քաղաքական մեծամասնությունը նոր աշխատելաոճ է՝ ցանկացած ներկայացված նախաձեռնությանն ասում են, թե դրան հետագայում կանդրադառնան, արմատական փոփոխություն կանեն.
«Հարկերը մեծացնելու, այսօրվա խայտառակ թանկացումների պատասխանատուն դուք եք: Դուք այդպես եք արմատական լուծումներ տալիս ցանկացած հարցի»,-վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև հիշեցրեց, որ երբ ժամանակին իրենք խոսում էին գնաճի մասին, բոլորը բերաններն ջուր առած նստած էին: Երբ ասում էին, որ տարբեր մանր ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով խառը իրավիճակից, արհեստականորեն բարձրացնում են գները, իրենց ասում էին՝ դա պոպուլիզմ է. «Հիմա ո՞վ է պոպուլիստը: Պոպուլիստն էլ եք դուք, դեմագոգն էլ եք դուք»,- հավելեց նա՝ հորդորելով ԱԺ նախագահի կողմից հրավիրվելիք խորհրդարանական լսումներին չմոռանալ հրավիրել այն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր օգտվելով այս խորը ճգնաժամային իրավիճակից՝ թանկացրել են առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները, դեղերը, այն դեպքում, երբ միջազգային շուկայում որևէ ապրանքի գին չի բարձրացել: