ԱԺ-ն հավանություն տվեց եզդիների ցեղասպանության մասին հայտարարության նախագծին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօրվա իր նիստում դրական եզրակացություն տվեց ժամանակավորապես բռնազավթված Իրաքի տարածքներում ապրող եզդի ազգության ներկայացուցիչների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հանցագործությունների դատապարտման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Հանձնաժողովների անդամները նշեցին, որ եզդիների դեմ կատարվածը անկասկած ցեղասպանություն է, այդ փաստը պետք է պաշտոնապես ճանաչվի և Հայաստանը դեռ հարցը նույնիսկ ուշացրել է: Ըստ այդմ առաջարկ հնչեց նշել այն ժամանակահատվածը, թե երբ են տեղի ունեցել այդ հանցագործությունները, ինչպես նաև զոհերի կոնկրետ թիվը:
Մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մարդասիրությունն ու արդարությունը չպետք է ունենան քաղաքական սահմանափակումներ.
«Շատ կարևոր որոշում է, Հայաստանի Հանրապետության կողմից բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ մեր գնահատանքն ու զորակցությունը»,- ասել է նա:
Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: