ԱԳՆ-ն չի հրապարակում Նալբանդյան-Մամեդյարով հունվարյան հանդիպման մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին ԱԳՆ-ն տեղեկատվություն կտրամադրի, իսկ այս պահին գերատեսչությունը չի հրապարակում մանրամասները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ իր ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի կունենա հունվարին:
Ինչ վերաբերում է հանդիպումից առկա ակնկալիքներին, ապա Շավարշ Քոչարյանը նշել է՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս առաջընթաց գրանցել բանակցություններում, բայց անհնար է այս փուլում խոսել դրա մասին, որովհետև կողմերի միջև իսպառ բացակայում է համաձայնությունը: Ըստ պաշտոնյայի՝ մթնոլորտն այն չէ.
«Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձևավորմանը: Խոսքը զինադադարի ռեժիմի պահպանման, ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի պահպանման մասին է: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- ասաց նա:
Այս պահին չի քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը: