Իրանում առկա ներքաղաքական բարդ իրավիճակը ազդեցություն է ունենում Հայաստանի վրա. փորձագետ
Իրանում ցանկացած տեսակի ապակայունացւմ հղի է տարածաշրջանում հակամարտությունների և սրման նոր օջախների առաջացմամբ: Բացի այդ, Իրանում առկա ներքաղաքական բարդ իրավիճակը ազդեցություն է ունենում Հայաստանի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Իրանում հակակառավարական կամ ցանկացած խլրտում բացասական է անդրադառնում Հայաստանի վրա թե’ ներքին, թե’ արտաքին ուղղություններով, ինչպես նաև ազդեցությունն է թողնում Հայաստանի ազգային անվտանգության վրա: Խոսքը նույնիսկ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, քանզի տարածաշրջանում ապակայունացման ֆոնը օգտագործելով` Ադրբեջանի իշխանությունները կարող են առիթից օգտվել և պատերազմ սանձազերծել Արցախում», - ասել է փորձագետը:
Խուդավերդյանը նաև չի բացառել, որ եթե իրավիճակը ավելի սրվի` ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեժանան, Մերձավոր Արևելքում Իրանի դեմ իրական ռազմական գործողություններ սկսվեն, ապա Իրանից լինի փախստականների մեծ հոսք.
«Փախստականների թիվը կարող է այնքան մեծ լինել, որ պարզապես Հայաստանն ի վիճակի չլինի նրանց ընդունել»,- կարծիք է հայտնել բանախոսը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 28-ին։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր ձերբակալվածներ։