VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները.
«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, իսկ հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավոր հեռանկարի խնդրում մի բան ակնհայտ է, որ չկա այսպես ասած սահմանադրական կամ օրենսդրական արգելք: Սահմանադրությունը, օրենքը Սերժ Սարգսյանին չեն արգելում նախագահի պաշտոնում երկու ժամկետից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչն է այդօրինակ հնարավոր զարգացման դեպքում խնդիրը՝ զուտ անձնական անընդունելիությո՞ւնը, թե՞ կան այլ գործոններ ու հանգամանքներ, որոնք խնդիր են առաջացնում Սարգսյանի վարչապետական հեռանկարի պարագայում:
Իրավիճակը իսկապես բազմիմաստ է, հատկապես, երբ նկատի ենք առնում այն, որ անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի եւ այդ իմաստով առաջնային մանդատը իշխող կուսակցությանն է, ոչ թե կոնկրետ պաշտոնատար անձի: Հետեւաբար առաջանում է նաեւ մյուս հարցը՝ վարչապետը քաղաքական իշխանության նշանակովի ներկայացուցիչ է եւ մեծ հաշվով ենթակա է խորհրդարանական մեծամասնությանը, ըստ այդմ առկա է նաեւ հարցը զուտ քաղաքական իմաստով՝ ավելի կարեւոր է այն, թե ով է վարչապե՞տը, թե՞ ով է ՀՀԿ, այսինքն՝ իշխող մեծամասնության առաջնորդը: Որովհետեւ, դիցուկ պատկերացնենք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնում է որեւէ այլ անձ՝ կամ ներկայիս վարչապետը, կամ նշանակվում է մեկ այլ գործիչ, բայց Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ասել է թե ՀՀԿ մեծամասնության նախագահը:
Խորհրդարանական մեծամասնությանը հաշվետու վարչապետը գործնականում պետք է գնա այն ուղղությամբ, որը կարժանանա այդ մեծամասնության հավանությանը: Մի կողմից թվում է, որ դե յուրե իշխանություն ունեցող վարչապետը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել դե ֆակտո իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանի ազդեցությունը, եւ ըստ այդմ էլ կարեւոր է դառնում, որ Սերժ Սարգսյանը չմնա դե յուրե իշխանության: Այդ հանգամանքը անկասկած ունի նշանակություն, սակայն այստեղ կա թերեւս մի նուրբ հարց: Այդ ընկալումը՝ դե յուրե իշխանության ազդեցության մասով, գործնականում գալիս է նախագահական կամ կիսանախագահական մոդելից, երբ գործող նախագահը փաստացի առավել ազդեցիկ մանդատի եւ իշխանության տեր է: Հետեւաբար, այդ հարաբերակցությունը առանցքային է դարձնում դե յուրե իշխանության լծակ տիրապետելու հանգամանքը:
Ներկայիս մոդելում առաջնային դե յուրե մանդատը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, այսինքն՝ դրանից բարձր չկա իշխանական մանդատ, իսկ առավելագույնը կարող է լինել անվտանգության խորհրդի մանդատը, որն էլ բազմաբեւեռ կառույց է, այսինքն՝ որոշումների կայացման կոլեգիալ մարմին: Այլ կերպ ասած՝ որքան էլ ժամանակի ընթացքում իշխանության հարաբերությունների իներցիոն, հոգեբանական ընկալումը բերելու է Առաջին դեմքի գերակայության ընկալման՝ ինչն էլ աստիճանաբար կարող է Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ճանաչումը փոխարինել ի դեմս նոր վարչապետի Առաջին դեմքի դե ֆակտո ճանաչման, նույնքան էլ ժամանակի ընթացքում առկա է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մոտ սեփական կարգավիճակի առաջնայնության, առաջնային մանդատի տեր լինելու հանգամանքի ընկալումը ժամանակի ընթացքում: Իսկ դա կբերի վարչապետ-պատգամավոր հարաբերության ընկալման փոփոխության, իշխանության վրա դրանից բխող ազդեցությամբ, հետեւաբար նաեւ այդ ազդեցության ներհամակարգային տարածմամբ:
Ըստ այդմ, պնդումը, որ դե յուրե իշխանությունը ժամանակի ընթացքում բերելու է ՀՀԿ նախագահի պաշտոնում դե ֆակտո իշխանության անվերապահ չեզոքացման, ամենեւին միարժեք չէ եւ իրավիճակը ամենեւին պարզունակ չէ: Անկասկած, առաջնային մանդատի գիտակցումը փոփոխություն է բերելու ոչ միայն վարչապետ-պատգամավոր, այլ նաեւ կուսակցապետ-պատգամավոր հարաբերությունների համակարգում, սակայն աներկբա է, որ իրավիճակը Հայաստանի իշխող համակարգում մտնում է լիովին այլ, բոլորովին նոր տրամաբանության շրջանակ, որը բերելու է հոգեբանության եւ ներքին հարաբերությունների կառուցվածքի էական փոփոխությունների:
Այդ տեսանկյունից, որքան էլ առերեւույթ առկա է համոզում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը նախապատրաստում է իր վարչապետությանը՝ իսկ այդ հեռանկարը, անկասկած, ոչ միայն բացառելի չէ, այլ նաեւ քիչ հավանական չէ, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը զարգանում է մի տրամաբանությամբ, որը հիմք է տալիս այլ եզրակացության. Սարգսյանն ավելի շուտ համակարգը նախապատրաստում է իր դե յուրե իշխանություն չլինելուն: Դա նշանակում է, որ բուն իշխանության խնդրում հնարավոր դասավորություններն ու զարգացումները հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել կամ դիտարկել հին համակարգի տրամաբանության շրջանակում: Այդ շրջանակում դիտարկումները կարող են ունենալ կարճաժամկետ ճշգրտություն կամ հաջողություն: Երկարաժամկետ առումով Հայաստանի իշխող համակարգը մտնում է բոլորովին նոր կառուցվածքային եւ տրամաբանական փուլ, որի առաջնային ազդեցության նշանները իրականում զգացնել են տալու ոչ թե 2018-ի ապրիլից հետո, այլ 2022-ի ապրիլից առաջ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել: Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ եւ հաջորդ շաբաթ եւս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաեւ նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տեւում էին մինչեւ դեկտեմբերի 25-26-ը»:
«Ժամանակ»-ը գրում է. «Այս տարի Հայաստանում գազի սպառումը ավելացել է մոտ 25 տոկոսով, այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Հայաստանն այս տարի կսպառի 2,4 մլրդ խմ գազ: Գազի սպառման ավելացումը կապված է ինչպես արտահանվող էլեկտրաէներգիայի ավելացմամբ՝ մոտ 10 տոկոս, այնպես էլ գազալցակայանների կողմից վաճառվող գազի ծավալի մեծացմամբ: Չնայած Հայաստանը պարտավորվել է մինչև 2043թ. չանել որևէ բան, որը կարող է վտանգել «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը, սակայն մենք գերակատարում ենք մեր պարտավորությունները՝ ապահովելով ավելի մեծ շահութաբերություն»:
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ- ի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագրավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշանավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մակարդակ կամ հարթություն: Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթացքում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական գործակցության ուղղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթություն է: Միաժամանակ կասկածից վեր է, որ ռազմատեխնիկական այդ գործակցությունը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանակում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ:
Ինչ է ենթադրում ռազմատեխնիկական հեռանկարը, ինչ ուղղությամբ գործակցություն՝ մանրամասներ առայժմ հայտնի չեն, միանգամայն հասկանալի պատճառներով, քանի դեռ չկան հստակ պայմանավորվածություններ: Սակայն այստեղ ակնհայտ է, իհարկե, արձանագրումը, որ ռազմատեխնիկական գործակցությունը հարաբերության մի մակարդակ է, որը ենթադրում է արդեն անմիջական պաշտպանական կոոպերացիա: Այդ իմաստով, Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը արել է ուշագրավ մի հայտարարություն պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպմանը: «Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,- հայտարարել է Ռոուզ Գյոթեմյուլլերը»:
«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։ Երկժամյա գործնական քննարկմանը, ի դեպ, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացած է եղել «դավթարով»` գործարարների հետ ճշտած Հարկային օրենսգրքին առնչվող բազում առաջարկներով, որոնց 99 տոկոսը, ի զարմանս գործարարների, ընդունվել է։ Քննարկման ընթացքում Վարդան Հարությունյանը քանիցս ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզանից մեկն ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ ձեր աշխատանքը հեշտացնենք»։
Գործարարները պահանջել են մաքսայինում թույլ տալ կանաչ գծերով երկար քայլել, քառակի ստուգումներ չանել, պայմանավորվել են, որ առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20 տոկոսով ավելացնելու են։ Հետաքրքիր զրույց է ծավալվել Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի ու Վարդան Հարությունյանի միջև։ Վալկոն ասել է, որ ինքը բարեգործական բավականին ծրագրեր է իրականացնում և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, բայց միևնույն է` հարկայինը հարկում է իրեն: Վարդան Հարությունյանն էլ ասել է, որ երբ ինքը «Հայ-Ռուսգազարդի» տնօրենն էր, ավելի մեծ բարեգործական ծրագրեր էր իրականացնում, բայց, միևնույն է` պարտաճանաչ վճարում էր հարկերը. «Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք»: Հանդիպման ավարտին գործարարները հրավիրվել են ճաշի։ 2 ժամ տևած ճաշը, ըստ մեր զրուցակցի, նույնպես անցել է «գործնականորեն». «Սեղանները դրված էին կլոր, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած լինի մեկ ՊԵԿ աշխատակից, որ հա՛մ «մեզնից մեկը լինի», հա՛մ առաջացած հարցերին պատասխանի»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հակառակ իշխանությունների՝ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին՝ Հայաստանում գործազրկության մակարդակը դեռևս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ՝ 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 17.8 տոկոս: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենևին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետևանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ՝ գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը»:
«Ժամանակ»-ը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում: Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել: Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հետագա ճնշումներից, ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել: Մեր տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն գործի քննության ժամանակ արդեն համոզվել է, որ ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից Հայաստանում կարագն ու խոզի միսը թանկացել են ավելի քան 40 տոկոսով։ Սա բացատրվում է նրանով, որ այդ ապրանքների գները բարձրացել են նաեւ համաշխարհային շուկաներում։ Բայց արդեն մի քանի ամիս շարունակ այդ մթերքները աշխարհում էժանանում են, սակայն դա որեւէ կերպ չի արտացոլվում ներհայկական գների վրա։ Պատճառը մրցակցության բացակայությունն է՝ շուկայական օրենքները շարունակում են չգործել»: