Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-ամյակի առիթով:
Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և փոխայցելությունների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման շնորհիվ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կխթանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը կնպաստի համագործակցության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Վերահաստատում եմ Ձեզ համար պատեհ ժամանակաշրջանում Հայաստան այցելելու իմ հրավերը, ինչը լավ առիթ կընձեռի երկկողմ օրակարգի առաջմղման համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: