Հանաձայնագիրը Հայաստանի՝ ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունում առանձնահատուկ դեր խաղալու շանսն է.Շրապել
Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը կազմված է այնպես, որ հակասություն չլինի Հայաստանի կողմից ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ միջև» քննարկման ժամանակ հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը:
«Կարող եմ ասել նույնիսկ հակառակը՝ Բրյուսելի հետ բանակցությունների ժամանակ կարևոր է եղել այն, որ պայմանագրի առանձին դրույթները չհակասեն ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ն: Սա ոչ թե «կամ-կամ»-ի հարց է, այլ՝ «և-և»-ի և մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը և Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ հակասություն չեն»,- ասաց նա:
Շրապելի խոսքով, համաձայնագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար, քանի որ այն հիմնված է Եվրամիության անդամ երկրների ու Հայաստանի համընդհանուր հետաքրքրությունների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության զարգացմանը, այստեղ կարևոր են իրավական պետության սկզբունքները, կայուն զարգացումը:
«Համաձայնագիրը պետք է նպաստի առևտրի, ներդրումների զարգացմանը: Եվ գուցե այն շանս լինի Հայաստանի համար, որ ԵՄ-ԵԱՏՄ-ՌԴ եռանկյունում առանձնահատուկ դեր խաղա բոլորի օգտին»,- հավելեց նա:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը մանրամասն քննարկել է ԵԱՏՄ-ԵՄ ինտեգրացիոն գործընթացների համատեղումը և այն իրապես պարունակում է համատեղելիություն ՀՀ–ի բոլոր պարտավորությունների հետ, որի շրջանակներում հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերություններ թե՛ ԵԱՏՄ, թե՛ Եվրոպայի հետ: