27.11.2024
«Fitch Ratings»-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը՝ «կայուն»-ից դարձնելով այն «դրական»
prev Նախորդ նորություն

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ

Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ:


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով, այդ ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, իսկ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից:


Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:


Երկուստեք կարևորվել է Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։


Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների:


ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: